Рубрика: Без рубрики, Գրականություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս» վերլուծություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս» նամակում պապիկը իր թոռնիկին խրատներ է տալիս, խոսում է կյանքի տարբեր էտապներից և պատմում համացանցի լավ ու վատ կողմերի մասին։ Ինձ դուր եկավ հատկապես հիշողությունը կորցնելու տողերը, որով որ տառապում են շատ մարդիկ։ Ես ինքս շատ ժամանակ չեմ մտապահում և հույսս դնում եմ համացանցի վրա ու գիտակցում եմ, որ հիշողությունս վատացել է։ <<Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը>>։
Պապիկը այս նամակը գրելուց խրատներ տվեց ոչ միայն իր թոռնիկին, այլ նաև շատ մարդկանց, այդ թվում՝ ինձ, ովքեր կարդացին և ընդունեցին իր խրատները։
<<Ահա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը»։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները (պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլք)>>։Սա հենց այն հատվածն է, որը ինձ շատ դուր եկավ և մտածում եմ, որ ես կհետևեմ նրա բաղադրատոմսին, որպեսզի վարժեցնեմ իմ ուղեղը։

Рубрика: Գրականություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս»

Սիրելի թոռնի՛կ,

Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ ժամանակավրեպ կթվան։
Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։

Կարող եմ միայն խորհուրդ տալ, որ եթե պատահմամբ հայտնվես պոռնոգրաֆիկ բնույթի հազարավոր կայքերից մեկում, ուր կտեսնես սեռական հարաբերություններն իրենց բոլոր դրսևորումներով, ասենք` երկու մարդկային էակների կամ մարդկային էակի ու կենդանու միջև, ջանա՛ չհավատալ, որ ամեն բան հենց այդպես է լինում։ Այդ ֆիլմերն, ի դեպ, շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։ Ի դեպ, ես հիմք եմ ընդունում քո հակառակ սեռի նկատմամբ հակում ունենալու փաստը, հակառակ դեպքում խորհուրդներս հարմարեցրու քո դեպքին։ Նայի՛ր աղջիկներին դպրոցում կամ այնտեղ, ուր գնում ես խաղալու, որովհետև նրանք ավելի լավն են, քան հեռուստացույցի աղջիկները, նրանք մի գեղեցիկ օր քեզ շատ ավելի մեծ բավականություն կպատճառեն, քան առցանց աղջիկները։ Հավատա՛ ինձ, ով ավելի մեծ փորձ ունի ( եթե ես սեքսը դիտեի միայն համակարգչով, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ Աստված գիտե, թե ուր կլինեիր կամ էլ չէիր լինի)։

Բայց սրա մասին չէ, որ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում եմ ասել մի հիվանդության մասին, որով տառապում է քո սերունդը, նույնիսկ քեզնից ավելի ավագ սերունդը, ովքեր թերևս արդեն համալսարան են հաճախում։ Խոսքը հիշողության կորստի մասին է։
Ճ՛իշտ է, եթե ցանկություն ունենաս իմանալու, թե ով է եղել Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լամպուրը, բավական է, որ ընդամենը մի քանի ստեղն սեղմես և Համացանցը քեզ այդ մասին ամեն տեսակ տեղեկություն էլ կտա։ Հենց այդպես էլ վարվիր, երբ քեզ որևէ տեղեկություն է հարկավոր, բայց նայելուց հետո փորձի՛ր մտապահել այն, ինչ կարդացիր, որպեսզի, օրինակ, դպրոցական առաջադրանքդ կատարելիս ստիպված չլինես երկրորդ անգամ նայել։ Քանի որ համակարգիչդ ամեն պահի կարող է քեզ ուզածդ տեղեկությունը տալ, վտանգը մեծ է, որ կորցնես մտապահելու հաճույքը։ Դա նման կլինի, օրինակ, այսինչ փողոցից այնինչ փողոց գնալը սովորելուց հետո, հասկանաս, որ կան ավտոբուս և մետրո, որ քեզ ուզածդ պահին կարող են տեղ հացնել (իսկապես շատ հարմար բան է, դիմի՛ր այդ քայլին ամեն անգամ, երբ շտապում ես) դու կարծես, որ այլևս հարկ չկա քայլելու։ Բայց եթե բավականաչափ չքայլես, կդառնաս հաշմանդամ, ինչպես հիմա անվանում են այն մարդկանց, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով։ Լա՛վ , լա՛վ, գիտեմ, որ սպորտով ես զբաղվում, ուստի գիտես՝ ինչպես շարժել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղին։
Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է։ Ահա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը»։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները (պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլք)։
Բանավեճի մեջ մտիր կարդացածդ գրքերի կապակցույթամբ (Ո՞վ կար Հիսպանիոլա նավի վրա գանձերի կղզին որոնելիս․ պարոն Տրելոնի, նավապետ Սմոլլետ, բժիշկ Լիվսի, Երկարահասակ Ջոն Սիլվեր, Ջիմ․․․)։ Տե՛ս արդյոք ընկերներդ կհիշե՞ն, թե ովքեր էին երեք հրացանակիրների և Դ՛Արտանյանի աղախինները (Գրիմո, Բազեն, Մուսքըթոն և Պլանշե)․․․ Իսկ եթե չուզենաս կարդալ «Երեք հրացանակիրները» (և չիմանաս՝ ինչ վերցնել կարդալու) նույն բանն արա, օրինակ այն պատմվածքների միջոցով, որոնք արդեն կարդացել ես։
Թվում է, թե ընդամենը խաղ է (ու իսկապես խաղ է), բայց կտեսնես թե ինչպես գլխումդ մշտական բնակություն կհաստատեն կերպարներ, պատմություններ, ամեն տեսակի հուշեր։ Քեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու մի ժամանակ համակարգիչները կոչվել են էլեկտրոնային ուղեղներ։ Որովհետև դրանք ստեղծվել են քո (կամ մեր) ուղեղի օրինակով, բայց մեր ուղեղը համակարգչից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի․ այն համակարգչի նման մի բան է, որն ունակ է քեզ դեպի ետ տանելու, և այն մեծանում է վարժանքի արդյունքում, մինչդեռ սեղանիդ դրված համակարգիչը, որքան օգտագործես, այնքան կկորցնի իր արագությունը և մի քանի տարի հետո ստիպված կլինես փոխել այն։ Իսկ ուղեղդ կարող է մինչև իսկ իննսուն տարի հարատևել (եթե վարժություններդ չդադարեցնես, իհարկե՛) և իննսուն տարեկանում այն ավելի շատ բան կհիշի, քան այսօր։ Եվ այս ամենը կլինի անվճար։Հետո գոյություն ունի պատմական հիշողություն ասվածը։ Խոսքը քեզ հետ պատահած իրադարձությունների կամ կարդացածդ փաստերի մասին չէ, այլ այն բաների, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց էլ դեռ շատ առաջ։Այսօր, երբ կինոթատրոն ես գնում, ստիպված ես որոշակի նշանակված ժամի մտնել, երբ ֆիլմը սկսվում է, ու հենց որ սկսվում է, կարող է գտնվել մեկը, ով, օրինակ, ձեռքիցդ կբռնի ու կպատմի, թե ինչ է լինելու։ Իմ ժամանակներում, կարելի էր ցանկացած ժամի մտնել կինոթատրոն, այսինքն՝ ֆիլմի կեսից, երբ ինչ-որ բաներ արդեն իսկ տեղի էին ունեցել, ու մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ էր դրանից առաջ եղել (հետո, երբ ֆիլմը նորից էր սկսվում, նայում էինք, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել, թե ոչ։ Բացի դրանից, եթե ֆիլմը քեզ դուր էր եկել, կարող էիր մնալ և նորից այն նայել` նույնիսկ այն, ինչ արդեն տեսել էիր)։ Եվ ահա կյանքը նման է իմ ժամանակների ֆիլմի դիտմանը։ Մենք մտնում ենք կյանք, երբ շատ բաներ արդեն տեղի են ունեցել հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ, և շատ կարևոր է գիտենալ այն, թե ինչ է տեղի է ունեցել մեր ծնվելուց առաջ․ որն անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք հիմա տեղի ունեցող շատ նոր բաների պատճառը։

Հիմա դպրոցը (բացի քո անձնական ընթերցանությունից) պետք է քեզ սովորեցնի մտապահել այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ, բայց դպրոցը, կարծես թե թերանում է, քանի որ բազմաթիվ վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ այսօրվա երեխաները, նույնիսկ ավելի ավագները, որոնք արդեն համալսարան են գնում, ծնված լինելով 1990 թվականին, չգիտեն ( կամ չեն ցանկանում իմանալ) այն, ինչ տեղի է ունեցել 1980թ․-ին ( էլ չեմ խոսում այն բաների մասին, որոնք տեղի են ունեցել հիսուն տարի առաջ)։ Վիճակագրության համաձայն՝ ո՞վ է եղել Ալդո Մորոն հարցին, երիտասարդերի մեծ մասը պատասխանում է, որ վերջինս Կարմիր ջոկատների ղեկավարն է եղել, մինչդեռ նրան սպանել են հենց Կարմիր ջոկատների անդամները: Մի կողմ դնենք Կարմիր ջոկատները, դրանց հետ կապված դեռ շատ առեղծվածներ կան, չնայած որ մոտ երեսուն տարի առաջ նրանք դեռևս մեր ներկան էին։ Ես ծնվել եմ 1932-ին, ֆաշիզմի իշխանության գալուց տասը տարի հետո, բայց ես գիտեի անգամ, թե Հռոմի Երթի ժամանակ ով է եղել վարչապետը (չգիտե՞ս՝ ինչի մասին է խոսքը )։ Գուցե ֆաշիտական դպրոցն ինձ այդ մասին ասել է, համոզելու համար, թե որքան հիմար ու վատն էր այդ վարչապետը (« Խաղաղասեր Ֆակտան» [2]) , որին ֆաշիստները մեծահոգաբար փոխարինեցին։ Եվ հետո, դպրոցը մի կողմ դրած, այսօրվա երիտասարդները չեն ճանաչում անգամ քսան տարի առաջվա կինոդերասաններին, մինչդեռ ես գիտեի, թե ով է Ֆրանչեսկա Բերտինին, որը խաղում էր համր ֆիլմերում իմ ծնվելուց քսան տարի առաջ»։ Պատճառն այն է, որ ես թերթում էի մեր տան պահոցում իրար վրա լցված հին թերթերի կույտը։ Ուզում եմ քեզ նույնպես կոչ անել թերթելու հին ամսագրերը, որովհետև սա հիանալի միջոց է իմանալու շատ բաներ, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց առաջ։
Կհարցնես, թե ինչու է ինձ համար այդքան կարևոր իմանալ այն, ինչ կատարվել է վաղուց։ Որովհետև այն, ինչ կատարվել է անցյալում, քեզ թույլ է տալիս հասկանալու, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում հիմա, և ամեն դեպքում ինչպես ֆուտբոլիստների թիմերի դեպքում, սա ևս մեր հիշողությունը հարստացնելու մի ձև է։
Լա՛վ իմացիր, որ այա ամենը չես կարող անել միայն գրքերով և ամսագրերով, սրա համար լավագույն միջոցներից է նաև Համացանցը։ Վերջինս նախատեսված է՝ ոչ միայն ընկերների հետ խոսելու համար, այլ նաև աշխարհի պատմության հետ, այսպես ասած, երկխոսելու համար։ Ովքե՞ր էին Հիթիթները։ Իսկ կամիսարդնե՞րը։ Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի երեք կարավելլաները։ Ե՞րբ են անհետացել դինոզավրերը։ Նոյան տապանը ղեկ կարո՞ղ էր ունենալ։ Ինչպե՞ս են անվանում ցլի նախատիպին։ Սրանից հարյուր տարի առաջ ավելի շա՞տ վագրեր կային։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում Մալիի կայսրությունը։ Իսկ ո՞վ էր խոսում Չարի կայսրության մասին։ Ո՞վ է եղել պատմության մեջ երկրորդ պապը։ Ե՞րբ է ստեղծվել Միկի Մկնիկը։

Այս հարցերն անվերջ են, իսկ դրանց պատասխանների որոնման բոլոր արկածներն ուղղակի անկրկնելի կլինեն։ Այս ամենն իսկապես հիշարժան է։ Կգա մի օր, երբ դու արդեն ծեր կլինես ու կկարծես, թե հազար կյանք ես ապրել, քանի որ քեզ կթվա, թե ներկա ես եղել Վաթերլոուի ճակատամարտին, մասնկացել ես Հուլիոս Կեսարի սպանությանը և մոտ ես եղել այն վայրին, որտեղ Բերտոլդ Շվարցը, հավանգի մեջ խառնելով նյութերը, փորձում էր գտնել ոսկի ստանալու հնարը և սխալմամբ բացահայտեց վառոդը ու թռավ օդ։ Քո մյուս ընկերները, ովքեր չեն աշխատի իրենց հիշողության վրա, կապրեն միայն մեկ կյանք` իրենց կյանքը, որը պետք է որ շատ տխուր լինի ու մեծ հույզերով ոչ լի։
Կերտի՛ր հիշողությունդ, մշակի՛ր այն և վաղվանից անգի՛ր սովորիր «Կայտառ Թերեզան»։[3]

[1] Իտալերենում diversamente abile մեղմասածությունը, որը բառացիաբար << այլ կերպ ունակ>> է թարգմանվում, կիրառվում է հաշմանդամ բառի փոխարեն
[2] Խոսքը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Լուիջի Ֆակտայի մասին է, որին այդպես էին կոչում իր վարած չեզոք քաղքականության պատճառով։ (1922թ․-ի 26 փետրվար- 1922թ․-ի 1 օգոստոս)
[3] Իտալական ժողովրդական մանկական ոտանավոր։

Թարգմանությունը իտալերենից` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանի

Աղբյուրը՝  Ումբերտո Էկո

Рубрика: Գրականություն

Համո Սահյան բանաստեղծություններ

Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ կրկնվեր 
Այն հրաշքը իրական….

Եվ չիմացանք թե ինչու՞ — Համո Սահյան

Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն—առանց մեզ։

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու։

Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու։

Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու։

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա — ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես։

Ու բախվեցինք մեկ–մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես։

Рубрика: Գրականություն

ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ(Ջուղայի գաղթից)


— Հե՜յ, լավ մանրո՜ւք,
Ասե՜ղ, հուլո՜ւնք,
Մատնի՜ք, մարջա՜ն,
Ապարանջա՜ն…

Հա՜վ, ձո՜ւ բերեք,
Առե՜ք, տարե՜ք,
Խունջիկ-մունջիկ
Հարսն ու աղջի՜կ,
Էժա՜ն կըտամ,

Լա՜վը կըտամ…
Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,
Իբրև թե չարչի մի թափառական,
Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,
Անցնում էր ինքը՝ Շահ-Աբաս արքան։

— Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասե՜ղ,
Դուրս եկե՛ք, դո՜ւրս, ինձ մո՜տ, էստե՜ղ…
— Չարչի ախպե՛ր, չարչի ախպե՛ր,
Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր։
Կանչեց մի կին՝ հայ գաղթական,

Ու մոտ գընաց չարչին կընկան։
— Օ՜, ի՜նչ ասեղ, իսկն օձի քիստ…
Թոփը մի հաց…
— Վո՜ւյ, թանկ է խիստ…
— Է՜, մի՜ խոսիր, քուրի՛կ, էդպես,

Շահի կյանքը թե կըսիրես։
— Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի,
Աստված Շահից հեռու պահի.
Արևդ ապրի, չարչի ախպեր,
Էդ անունը բերան մի՛ բեր։

— Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.
Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ։
Գազան թուրքի սըրից փըրկել,
Չոր Ջուղայի քարից պոկել՝
Բերել է ձեզ առատ Փարիա,

Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա…
— Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպե՛ր,
Մի՜ խոսեցնիր ինձ դըրանից։
Երնեկ դըրա ոտը կոտրեր՝
Չըգար հաներ մեզ մեր տանից։

Եկավ վարար հեղեղի պես,
Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,
Ոչ աստըծուն նայեց, ոչ մեզ,
Սըրբեց բերավ ողջ տեղահան։
Թող արինք փակ մեր տուն ու ժամ,

Բանալիներն Արազն ածինք,
Սարի ուսից վերջին անգամ
Ետ նայեցինք ու կանչեցինք.
«Աստվածածի՜ն Վերին Կաթան,
Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,

Ուր որ գընանք մեր վաթանից՝
Մեզ դարձըրու գերությունից»։
Աղաչեցինք աղերսելով,
Ետ շուռ եկանք ու անց կացանք.
Ծեծով, կոծով, հըրով, սըրով՝

Ծով Արազի ափը հասանք։
Արազը ծո՜վ, Արազն ելմա՜ն,
Դուրս է եկել իր ափերից.
«Անցե՜ք», եկավ մեզ հըրաման.
Շահն է հրաման տալիս վերից…

Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,
Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկած՝ գետը լըցվում…
Էն սև օրը, որ մենք տեսանք,

Քո թըշնամին թող չըտեսնի…
Ա՜խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք`
Մեր անեծքը երկինք հասնի…
Ու գալիս են չարչու գըլխին
Կիտվում պանդուխտ, գերի հայեր.

«Անե՜ծք Շահին, իրեն գահին»,—
Անիծում են երկինքն ի վեր։
Շուռ են գալիս իրենց բընում
Չարչու աչքերն ըսպառնալի,
Ձեռն ու ոտը դող են լինում,

Ու սևակնած հարց է տալի.
— Շահի առջև հապա էնօր
Գոռում էիք միաբերան,
Թե ապրում եք դուք բախտավոր
Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն…

— Սուտ էր, ախպե՛ր։ Դու մեզնից մեկն՝
Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,
Բայց մեր սիրտը ո՞նց չըծածկենք
Էն մարդակեր չար գազանից։
Սուտ էր… Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր…
Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,
Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,

Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,
Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ։
Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։

Рубрика: Գրականություն

Վահան Տերյան | Մեր պարտքը

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:
Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:
Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:
Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Рубрика: Գրականություն

Պաուլո Կոելյո

Պաուլո Կոելյո «Խոսեի սանդալները»,Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»,Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասինՊաուլո Կոելյո «Խոսեի սանդալները»,Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»,

Պաուլո Կոելյո «Խոսեի սանդալները»

864adfe60d843774980648b351d39b65

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:

Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:


Рубрика: Գրականություն

Մուշեղ Գալշոյան | Մամփրե արքան |

Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը: Թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։

Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։

Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։

Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Գառ-ախպերիկ։ Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը իր <<Գառ-ախպերիկ>> պատմվածքում ներկայացնում է՝ թե ինչպես գառնուկը դարձավ իրենց ընտանիքի մի անդամ և կոչվեց գառ-ախպերիկ։ Նա սկսում է պատմվածքը պատմելով, թե ինչպես է անցնում նրանց ցերեկը <<Ցերեկը՝ էլի ոչինչ, ցերեկը իրենն առնում էր։ Թեև տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից։ Գիշերը անտանելի էր։ Տունը սուզված էր վշտի հատակը, և քնելն ինչ է՝ շնչել չէր լինում>>։ Այս նախադասությունից մենք հասկանում ենք, որ պատմողը կամաց-կամաց մեզ պատրաստում է մի տխուր պատմության, որը տեղի է ունեցել իրենց տանը։ Նա համեմատում է, թե ինչպես է անցնում գիշերները առաջ ու հիմա՝ <<Քույրիկները շարունակում էին ցերեկվա լեզվակռիվը, տատը թախտի չորության հետ էր կռիվ տալիս, հայրիկի զորեղ շնչառությունից մկները պապանձվում էին, օրորոցը թկթկում էր քնած մայրիկի արթուն ձեռքի տակ>>: Պատմվածքում ինձ դուր է գալիս՝ թե ինչպես է պատմողը դանդաղ կարդացողին փորձում պատրաստել այդ վշտին։ <<Մայրիկի վիշտը կաթի ակունքին լուր չէր տանում, կաթը գալիս ու երեխային չէր գտնում կյանքում>>։ Այս նախադասությունը կարդալուց հետո ես հասկացա իրենց ընտանիքի վիշտը։ Բայց միայն հոգեպես ցավ չէր մայրիկի մոտ, կար նաև ֆիզիկական ցավ․<<Բայց մի մեծ անհամաձայնություն կար կյանքի ու մահվան միջև, կսկիծ բերող ընդվզում կար կաթի հոսքի մեջ, և մայրիկը ցավից մղկտում, վշտից մեռնում էր: (Հայրիկը տուն էր բերել գյուղ հարս եկած բուժակուհուն>>- Բուժկուհին ոչ մի ձև չէր կարողացել օգնել և վախից ուշագնաց էր եղել։ Հորեղբոր բերած գառնուկը փրկեց մայրիկի ֆիզիկական ցավը, նաև դաևձավ իրենց ընտանիքի մի անդամ և կոչվեց գառ-ախպերիկ։ Պատմվածքի վերջը նույնպես դառն էր քանի, որ խոյ էր գառնուկը իսկ խոյերը կամ մսացու են կամ մատաղացու եթե չի պահվել հոտի համար։ <<հովիվը համաձայնեց երկու օրով թողնել աշնան արոտի ելած ոչխարի մեջ:>> Մեր պատմվածքի փոքրիկ խոյը, որը մեծացել էր տանը ու չգիտեր ինչ է ոհմակը, ուշքի չէր եկել, դիրք չէր բռնել,ոչխարը ցրվել էր ոսպի նման և նա մնացել էր գայլերի անակնկալ երախի դեմ։

Մայրիկը լուռ էր: Նա իրեն այնպես էր պահում, ասես սկզբից վախճանը գիտեր։

Խոտանոցում տղան լալիս էր։ Այդ օրը նա վերջապես մտաբերել էր եղբոր դեմքը։ Երեք օրից մոռանալու էր հավիտյանս։

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ավետիք Իսահակյան | Ազգային երգը

…Աշնան մի պայծառ առաւօտ էր. Արարատեան դաշտի հրաշագեղ աշունը. փոշոտ ցանկերի միջից փայլփլում էին խաղողի ոսկեղէն ողկոյզները, նուռն ու խնձորները, ասես՝ հրեղէն գնդակներ լինէին. յուռթի այգիներից լիութեան անուշ բուրմունքն էր խնկում. վերեւ, բաց-կապոյտում, հաւքերի շղթան էր ձգւում, ներքեւ, ցօղաթուրմ արահետներով հայ գեղջուկի սայլերն ու ձիերն էին անցնում՝ բարձած աշնան հազար ու մէկ բերքերով:

Երկու ընկերով գնում էինք հինաւուրց Արմաւիրի բլուրի տակով. մեր գլխի վրայ ծփում էր մեհենական սօսիների խորհրդաւոր սօսափը. երկուսս էլ լուռ էինք, տարուած մեր տեսիլներով:

Մեր ցուպերը՝ հովիւների պէս, մէջքերնիս լայնքով դրած արմուկներիս մէջ, քայլում էինք Երասխի հին հունով դէպի մի գիւղ՝ Երասխի ձախ ափին:

Սքանչելիք է Արարատեան դաշտը:

Մասիսը ուղղակի դիմացներս էր. այնպէ՜ս պարզ ու վճիտ էր, որ նրա ոտքերից մինչեւ գագաթը մէկ-մէկ կարելի էր դիտել: Մի հսկայ սպիտակաբաշ առիւծի է նման նա, նստած յետի ոտքերի վրայ, ալեւոր գլուխը անհունի մէջ, հանգիստ եւ անվրդով:

Աշնան քաղցր ու մեղմ արեւը Մասիսի վերից վար, եւ Արարատեան երկրի լայնքին ու երկայնքին իր տարածուն ծիրանին էր փռել:

Մտանք մեր նպատակադրուած գիւղը:

*****

Յաջորդ օրը, մեկնելուց առաջ գնացինք գիւղական գաղտնի դպրոցը այցի. ուսուցիչի հետ արդէն երեկոյեան ծանօթացել էինք. նա նոյն գիւղից մի կրակոտ երիտասարդ էր:

 Ցարական կառավարութիւնը փակել էր հայկական դպրոցները՝ քաղաքների եւ գիւղերի, գրաւել էր դպրոցների պատկան շէնքերն ու եկամուտ բերող կալուածքները: Հայ ժողովուրդը զրկուել էր ազգային կրթութիւն ստանալու միջոցներից եւ հնարաւորութիւններից: Հայ ժողովուրդի զգայուն մասը գիտակցում էր հայութեանը հասած ծանր հարուածը, եւ հայրենասէր անհատներ ինքնաբերաբար մտածում էին կարելի չափով հակազդել պետական այլասերող քաղաքականութեանը: Հայկական գաւառներում տեղ-տեղ, տակաւին սակաւաթիւ գիւղերում, սկսեցին գործել գաղտնի դպրոցներ, համեստ միջոցներով:

Նախկին դպրոցների ուսուցիչներից ոմանք մնացին իրենց գիւղերում՝ նուիրուելով մանուկ սերունդի ազգային կրթութեանը: Նրանք սովորեցնում էին գրել-կարդալ եւ հասարակ թուաբանութիւն: Յետագայում այդ տարրական դպրոցների քանակը շատացաւ:

Այդպիսի դպրոցներից մէկին էր, որ մենք այցելեցինք:

Արաքսի ափին հաստաբուն ընկուզենու տակ խումբ-խումբ, հասարակ նստարանների վրայ, տեղաւորուել էին բաւական մեծ թուով մանուկներ եւ պատանիներ:

Օրը Կիրակի էր. գիւղը հանգստանում էր դաշտային աշխատանքներից, եւ այդ պատճառով դպրոցը լիքն էր աշակերտներով, ինչպէս բացատրեց մեզ ուսուցիչը: Դպրոցը միայն մի ուսուցիչ ունէր, բայց ուսուցիչի եռանդը հասնում էր ամէն տեղ: Մի խումբ «այբուբեն» էր սովորում, միւս խմբում՝ «Մայրենի լեզու» էին կարդում, երրորդ խմբում՝ Պալասեանի «Հայոց Պատմութիւնից» էին դաս պատասխանում, մի ուրիշ խմբում՝ «Դաւիթ Բէկ» էին կարդում»:

Երբ դասաժամը վերջացաւ ու աշակերտները պիտի ցրուէին, ընկերս, որ շատ երգ սիրող էր, խնդրեց ուսուցիչից, որ աշակերտները մի երգ ասեն: Ուսուցիչը պատասխանեց, թէ ինքը, դժբախտաբար, «բաղաձայն» է, եւ դրա համար երգ չի սովորեցրել. սակայն, աւելացրեց, որ աշակերտների միջից երգողներ կան, եւ առաջարկեց նրանց, թէ՝ ով կարող է, թող երգէ: Փոքրերը սիրտ չարին, մեծերն էլ քաշուեցին…

-Բայց լաւ կը լինի բոլորը գոնէ մի ընդհանուր ազգային երգ գիտենան. օրինակ, «Մայր Արաքսին», որ շա՜տ տեղին է, հենց նրա ափին էք,- ասաց ընկերս:

Ուսուցիչը թեթեւ կարմրեց, ապա մի պահ մտածելուց յետոյ, գլուխը եռանդուն թափահարելով, դարձաւ աշակերտներին.

-Հապա՛, սիրելիներս, ամէնքդ մէկ շարուեցէք այստեղ,- եւ յետոյ մեզ,- ինչպէ՞ս չէ, գիտեն եւ լաւը գիտեն:

Ու ձեռքի քանակը թափով վեր բարձրացնելով, գոչեց.

-Բոլորդ միասին ինձ հետ երգեցէք «այբ-բեն-գիմ»: Չէ՛ որ բոլորիդ անգիր սովորեցրել եմ, եւ միասին ձայնով ասել ենք: Դե՛հ այսպէս:

Եւ քանակի հաւասար բախումներին ներդաշնակ՝ բոլորը, հետեւելով ուսուցիչին, սկսեցին միասին բարձր եւ եղանակաւոր ձայնով հեգել.

Այբ, բեն, գիմ,

Դա՜, եչ, զա,

Է, ըթ, թօ…

Այսպէ՜ս մինչեւ վերջը, քառասուն-յիսուն կրծքից բխած այս հուժկու, բազմահնչուն եւ միահամուռ ձայնը, որ ինքնին հայոց լեզուն է, Երասխի շառաչի հետ, փռուելով Արարատեան աշխարհի վրայ՝ թւում էր, սլանում է ազատ- Մասիսն ի վեր:

Ամէնքի երեսին պայծառ ժպիտ կար. ուսուցիչը շատ ոգեւորուած էր:

-Ահա՛ ձեզ մի ընդհանուր ազգային երգ, որ ամէն հայ անպատճառ պէտք է գիտենայ. ահա՛ չորս-հինգ տարի է ես այդ երգն եմ սորվեցրել, ուրիշ երգ չեմ ճանաչում… -Բոցավառ շրթունքներով շնչասպառ ասաց ուսուցիչը եւ սրբեց քրտնած ճակատը:

-Շատ ճիշդ էք ասում եւ կեցցէ՛ք, իսկապէս որ աննման էր,- ոչ նուազ ոգեւորութեամբ պատասխանեցինք մենք:

Ապա մեր շնորհակալութիւնը յայտնելով, ամուր սեղմեցինք սրամիտ ուսուցիչի ձեռքը եւ ուրախ ու թեթեւ շարունակեցինք մեր ուղին:

Մի պահ գտնւում էինք այդ տարօրինակ երգի ազդեցութեան տակ. ընկերս խզեց լռութիւնը.

-Համաձայն չե՞ս, որ քանի հայը կ’ապրի, հայոց «այբ-բեն»ը չի՛ մեռնի:

-Այո՛,- ասացի ես,- բայց ես հակառակին աւելի համաձայն եմ. այն որ՝ քանի հայոց «այբ-բեն»ը կ’ապրի, հայը չի՛ մեռնի…

-Դրան նոյնպէս համաձայն եմ,- թերեւս աւելի շատ,- սրտաբուխ ձայնով պատասխանեց սիրելի ընկերս: