Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման.

  1. Հարուցիչ
  2. Փոխանցման ճանապարհ
  3. Ընկալունակ օրգանիզմ

Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:

Շնչառական ուղիների ինֆեկցիաներ

Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:

Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը:

Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերը

Արտազատության նշանակությունը: Արդեն գիտեք, որ օրգանիզմում սպիտակուցների,ածխաջրերի և ճարպերի ճեղքումից առաջանում են միջանկյալ և վերջնական արգասիքներ, որոնք մեծ քանակությամբ կուտակվելու դեպքում կարող են խախտել ներքին միջավայրի կայունությունը և հանգեցնել ինքնաթունավորման:

Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:

Презентация1.jpg

Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:

Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով:

Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:

Ուշադրություն

Այսպիսով, թոքերը, երիկամները, մաշկը, ստամոքս-աղիքային ուղին այն օրգաններն են, որոնց միջոցով հեռացվում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը:

phi0501l.jpgդառա.jpg

Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերը

Միզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:

Urinary_system_00000.gif

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:

Advertisement

about:blank

Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:

shutterstock_238112089.jpg

Ուշադրություն

Երիկամների կտրվածքի վրա առանձնանում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ:

Միջուկային շերտը կազմված է բրգերից: Նրանց միջով անցնում են մեզը հավաքող բարակ խողովակներ, որոնք ավարտվում են բրգերի գագաթին անցքեր ունեցող պտկիկներով: Դրանք բացվում են բաժակների, որոնք էլ իրենց հերթին՝ երիկամային ավազանի մեջ:

Կեղևային շերտը կազմված է երիկամային մարմնիկներից:

kidney-anatomy.jpgգդ.jpg

Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է:

Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է երիկամի կեղևային շերտում տեղակայված` գավաթի տեսք ունեցող պատիճից և ոլորուն խողովակից:

Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը: Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ: Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ: Վերջինս, միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բրգի մեջ, իսկ այնտեղից` երիկամային ավազան:

k11_kidney-section-nephrons-blood-vessels-and-renal-corpuscle-model.jpg

Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ:

Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:

shutterstock_335359253.jpg

Աղբյուրները

1. Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի. Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս. Ռևազով, Մ.Ռ. Սապին։ Երևան, Լույս 1992

2. Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014

3. Կենսաբանություն: Մարդ: Ս. Մինասյան, Ծ. Ադամյան, Հ. Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000

Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Advertisement

about:blank

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

ՄԻԱՎ

հարցեր ինքնաստուգման համար

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը
    Վարակի աղբյուրը՝ հիվանդ մարդ։
  2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները
    Փոխանցման ճանապարհներ կարող են լինել սեռական հարաբերությունները, մորից երեխային, եղունգների հետ գործ անել առանց այդ գործիքը լավ աղտահանելու, դա նաև վերաբերվում է դաջվածքներին։
  3. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց
    Պատասխանատու վարքագիծ
  4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:
    6 ամիս անց <<պատուհանի շրջան >>-ի ժամանակ բացասական։
  5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
    բոլորը կարող են վարակվել։

    Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,
    բացասական
  6. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները
  7. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա
    ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա։ Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս։ 
  8. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
    Արյուն, կրծքի կաթ
  9. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ
    Կարելի է հետազոտվե լաբորատորիայում։
  10. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները
    6 ամիս հետո ի հայտ են գալի առաջին նշանները
  11. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը
    10-15 տարի
  12. ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:
    Կարող է արագանալ եթե չի հետևում բժշկի ասածները և ունի խրոնիկ հիվանդություն։
Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

  • թույնի տեսակից,
  • թույնի քանակից,
  • թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  • թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  • տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։

Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները։ Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավո­րումները։ Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

Advertisement

about:blank

ՆՇԱՆՆԵՐԸ

Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝

  • հիվանդագին տեսք,
  • սառը քրտինք,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • որովայնի և կրծքավանդակի ցավեր,
  • շնչառության դժվարացում,
  • անոթազարկի փոփոխություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, վարձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ի՞նչ թույն է ներթափանցել մարմին,
  • թույնի ի՞նչ քանակություն է ներթափանցել,
  • ինչպե՞ս է թույնը ներթափանցել մարմին,
  • ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը,
  • ինչպիսի՞ն էր տուժածի առողջական վիճակը մինչև թունավորումը (հիվանդություններ, հղիություն և այլն)։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ կողմնորոշվել և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցա­բերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ Է։ Աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել։ Հավաքեք բաց դեղա­տուփերը, արկղերը, սրվակները և այլն։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից։
  • Հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցությունը։
  • Կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։ Շտապ օգնության հերթապահին հայտնեք դեղատուփերի կամ սրվակների վրա գրված անվանում­ները և բոլոր այն տեղեկությունները, որոնք գիտեք պատահարի մասին։
  • Մինչև շտապ օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Եթե տուժածը փսխում Է, ապա պահեք փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին՝ հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սա շատ պարզ սկզբունք է, որը ցավոք, մարդիկ հաճախ անտեսում են։ Հետևելով ստորև բերված մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

  • Պահեք դեղամիջոցները, այն բոլոր կենցաղային իրերը և նյութերը, որոնք կարող են վնասակար լինել երեխաների համար, փակվող պահարաններում կամ որևէ այլ՝ երեխաներին անհասանելի տեղում։ Պահեք դեղամիջոցները և վտանգավոր նյութերը դժվար բացվող, բացելու համար հատուկ հմտություն պահանջող տափերում։
  • Ցանկալի է թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ։ Թունավոր նյութերի սրվակների վրա ունեցեք նախա­զգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
  • Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի և տարողությունների մեջ։
  • Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետև նա կարող է ձեզ նմանակել և խմել դեղը։
  • Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։ Մի՛ գցեք դրանք կոյուղու մեջ։
  • Եթե ստիպված եք աշխատել թունավոր նյութերի հետ, ապա արեք դա լավ օդափոխվող վայրերում, առանց երեխաների ներկայության և ըստ օգտագործման հանձնարարականի (հրահանգի)։
  • Թունավոր քիմիական նյութեր կիրառելիս ընտրեք համեմատաբար անվտանգ նյութեր, աշխատեք ոչ քամոտ եղանակին։
  • Թունավոր նյութերի հետ աշխատելիս օգտագործեք ձեռնոցներ, դեմքը և աչքերը պաշտպանող դիմակ և ակնոց։ Համոզվեք, որ ճշգրիտ հետևում եք վտանգավոր նյութի օգտագործման կանոններին։

ԿԼՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Կլվող թույները լինում են քայքայիչ և ոչ քայքայիչ։ Ոչ քայքայիչ նյու­թերով թունավորումների խմբում առանձնացնում են նաև սննդային թունավորումները։

ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Քայքայիչ թույներ են ուժեղ թթուներն ու հիմքերը, որոնք վնասում և քայքայում են հյուսվածքները։ Նման դեպքերում տուժածի շրթունքների շրջանում և բերանի խոռոչում կարող եք նկատել այրվածքներ։ Քայքա­յիչ թույնով թունավորման դեպքում կարելի է նոսրացնել քայքայիչ նյութը՝ տուժածին ջուր խմեցնելով։ Քայքայիչ թույնի նոսրացումը նվա­զեցնում է հյուսվածքների քայքայման հնարավորությունը։ Փսխումը տվյալ դեպքում ցանկալի չէ, որովհետև քայքայիչ թույնը փսխման ժամանակ կրկին վնասում է կերակրափողի, ըմպանի և բերանի խոռոչի հյուսվածքները։ Այդ պատճառով արգելվում է արհեստական փսխում առաջացնել։ Հիշե՛ք, քայքայիչ թույները վնասում են հյուսվածքները ինչպես կլման, այնպես էլ փսխման ժամանակ։

ՈՉ ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Այս տեսակի թունավորումներից ավելի հաճախ հանդիպում են սննդա­մթերքով, ալկոհոլով և դեղամիջոցներով թունավորումներ։ Ոչ քայքայիչ թույնի կլման դեպքում առաջին օգնության ամենաարդյունավետ քայլը տուժածի մոտ արհեստական փսխում առաջացնելն է։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։


Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։


Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • թույնը նավթային հիմք ունի (կերոսին, բենզին),
  • թույնը քայքայիչ նյութ է (թթու կամ հիմք),
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ՆԵՐՇՆՉՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։

ՆԵՐԾԾՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներծծվող թույները մարդու մարմին ներթափանցում են մաշկի միջոցով։ Այդ թունավոր նյութերը կարող են լինել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերում պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյու­թերը և թունավոր քիմիական նյութերը։ Առավել վտանգավոր է, եթե վնասվածքը տեղակայված է դեմքի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թույնի հետ շփման հետևանքով կարող է նկատվել մաշկի գույնի փոփոխություն, ցանավորում, այտուց։ Տուժածը կարող է զգալ ցավ, քոր և այրոց այդ հատվածում։ Որոշ ժամանակ անց կարող են ի հայտ գալ թունավորման ընդհանուր նշանները։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Մի՛ մշակեք վնասված մասը քսուքներով և այլ դեղամիջոցներով։ Մի՛ վիրակապեք վնասված հատվածը։

ՆԵՐԱՐԿՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են արյան կամ հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով։ Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) կամ դեղամիջոցների սխալ ներարկման հետևանքով։

Ավելի հաճախ հանդիպում են օձերի կծածների և կարիճների, միջատ­ների խայթոցների դեպքեր։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման և ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցու­թյունը։
  • Կատարեք տուժածի զննում։
  • Ահազանգեք շտապ օզնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամա­նակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։ Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Օտար Մարմին Շնչուղիներում

Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:

 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:

Առաջին Օգնություն

Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:

Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:

Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Վիդեոնյութը տես ` http://www.youtube.com/watch?v=haSochZm5ao

Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Կոտրվածքներ

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են կոտրվածքը, կապանների, ջլերի և մկանների ձգումն ու պատռվածքը, հոդախախտը, որոնք առաջանում են այդ հյուսվածքների Ֆիզիոլոգիական հնարավորությունները գերազանցող ուժի ազդեցության հետևանքով։



Հոդախախտ է կոչվում հոդի կազմի մեջ մտնող ոսկրերի կայուն տեղաշարժը միմյանց նկատմամբ։

Ոսկրամկանային վնասվածքների համար բնորոշ են ցավը, այտուցը, մաշկի գույնի փոփոխությունը, ձևափոխությունը, վնասված մասի գործունեության խանգարումը։ Ցավը և ուժեղ արյունահոսությունըկարող են առաջացնել շոկ:

Վնասված վերջույթի ձևի փոփոխությունը և շարժումների անկարողությունը ոսկրամկանային լուրջ վնասվածքի կարևոր նշաններից են և հաճախ վկայում են կոտրվածքի կամ հոդախախտի մասին։

Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության և անընդհատության խախտումը։ Այն հայտնաբերելու համար վնասված մասը պետք է համեմատել հակառակ կողմի չվնասված մասի հետ։

Ոսկրի կոտրվածքի դեպքում կարող է առկա լինել նաև՝

• վերքից դուրս ցցված ոսկրեր,

• վնասված վերջույթում զգայունության կորուստ,

• շոշափելիս ոսկրի բեկորների միմյանց հպվելու խըրթ– խրթոց,

• կոտրված ծայրերը իրար քսվելու ձայն,

• վերջույթի կարճացում (ավելի հաճախ ազդրի կոտրվածքի դեպքում)։

Կոտրվածքները լինում են՝

• բաց, երբ ուղեկցվում են մաշկի ամբողջականության խախտումով,

• փակ, երբ մաշկի ամբողջականությունը չի խախտվում։

Բաց կոտրվածքները ավելի վտանգավոր են, քանի որ նման դեպքում մեծ է վարակի տարածման հավանականությունը։

Լուրջ վնասվածքը զննելու համար հագուստը կտրում են, ոչ թե հանում։

Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում անհրաժեշտ է. 

• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը, կոտրվածքի դեպքում ճնշում գործադրել համապատասխան սեղմման կետում:

• Օգնել տուժածին այնպիսի դիրք ընդունելու, որը կնվազեցնի ցավը։

• Անշարժացնել վնասված մասը վիրակապի, իսկ կոտվածքի դեպքում՝ բեկակալի միջոցով, և բացառել այդ հատվածի ցանկացած շարժումը։

• Վնասված մասի վրա 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր ժամը մեկ՝ 15 րոպեով դնել սառը թրջոցներ կամ սառցե պարկ։

• Անշարժացումից հետո բարձրացնել վնասված մասը։

• Զանգել շտապօգնություն։

Անշարժացման նպատակներն են՝

• ցավի նվազեցումը,

• փափուկ հյուսվածքների լրացուցիչ վնասման կանխումը,

• թրոմբոտիկ բարդությունների հավանականության նվազեցումը,

• վնասվածքի հնարավոր տարածման նվազեցումը,

• փակ կոտրվածքի վերածումը բաց կոտրվածքի:

Մարմնի վնասված մասի շարժումները կանխելու նպատակով օգտագործվում են բեկակալներ կամ վիրակապ։

Բեկակալը հարմարանք է, որն օգնում է անշարժացնելու վնասված մասի շարժումները։ Բեկակալները կարող են լինել կոշտ՝ փայտեր, տախտակներ, մետաղական հարմարանքներ, ոլորված ամսագրեր, և փափուկ՝ ոլորված ծածկոցներ, ցանկացած փափուկ նյութեր, որոնց միջոցով կարելի է վնասված վերջույթը փաթաթել, պահել հարմար դիրքում՝ հենման և անշարժացման համար։

Անշարժացումը կարող է լինել նաև անատոմիական, երբ օգտագործվում են տուժածի մարմնի չվնասված մասերը (օր՝, երբ մի ոտքը անշարժացնում են՝ կապելով այն մյուս՝ չվնասված ոտքին, ձեռքը՝ կրծքավանդակին)։

Անշարժացնելիս պետք է հետևել ստորև նշված սկզբունքներին

• Անշարժացնելիս տուժածին չպատճառել լրացուցիչ ցավ կամ անհանգստություն։

• Վնասված մասը անշարժացնել առանց նրա դիրքը փոխելու, սակայն եթե վերջույթը անբնական անկյան տակ ծռված է, կամ տուժածը ընկած է շատ անհարմար դիրքով, և այդ դիրքում անշարժացնելը հնարավոր չէ, ապա թույլ է տրվում վերջույթը բերել նորմալ դիրքի՝ անպայման բռնելով տակից՝ կոտրվածքից վերև և ներքև գտնվող հատվածներից, որպեսզի կոտրված մասը մնա անշարժ, և նոր դրանից հետո անշարժացնել։

• Բեկակալը պետք է ընդգրկի վնասվածքից վերև և ներքև ընկած մասերը և հոդերը։

• Բաց կոտրվածքը պետք է ծածկել ստերիլ անձեռոցիկով։

• Անշարժացումից առաջ և հետո պետք է ստուգել արյան շրջանառությունը համապատասխան շրջանում:

Բեկակալները ճիշտ օգտագործելու համար պետք է հիշել, որ՝

• կոշտ բեկակալների դեպքում դրանց և մաշկի միջև պետք է տեղադրել որևէ փափուկ նյութ (լրացուցիչ վնասումը կանխելու նպատակով) հատկապես ոսկրային ելունների շրջանում (ծունկ, կոճեր),

• բեկակալը պետք է ամրացնել որևէ հարմար միջոցի օգնությամբ (վիրակապ, գոտի, փողկապ)՝ կապերը դնելով վնասված մասից դուրս,

• եթե բեկակալր ամրացնելուց հետո վնասված վերջույթում հայտնաբերվում է արյան շրջանառության խանգարում, պետք է թուլացնել դրված կապերը,

• բարձրացնել անշարժացրած մասը։

Рубрика: Без рубрики, Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

նախագծային շաբաթ 05.09-09.09

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Զննում

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:


Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…

Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:
Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:
Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը: